


Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել։ Այդ մասին հաղորդում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության գվարդիան, բացի օբյեկտների պահպանությունից, իրականացնում է նաև հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ծառայություն: Հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնող ոստիկանները ծառայության դուրս գալուց առաջ կոնկրետ հանձնարարականներ են ստանում երթուղիներում կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների և հանցագործությունների դեպքերի վերաբերյալ»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Արման Ասլանյանը։
«Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Արդյունք են տվել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք։
Գրանցված ցուցանիշները ոչ միայն կանխված ու բացահայտված հանցագործությունների, այլև փրկված կյանքերի մասին են։ Հաշվետու ժամանակահատվածում Գվարդիայի ծառայողների արագ արձագանքի և ճիշտ գործողությունների շնորհիվ կանխվել են ինքնասպանության դեպքեր։
Ծառայողները մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված դեպքը այս մոտեցման հերթական վկայությունն է։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը քաղաքացուն էր հանձնել կորցրած 3600 դոլարը։
Ոստիկանության գվարդիան 24/7 ռեժիմով շարունակում է ծառայությունը՝ հանրային անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարելու և անհրաժեշտ պահին քաղաքացու կողքին լինելու հանձնառությամբ», - ասվում է հաղորդագրությունում։


