
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա հիշեցրել է, որ վաղը Հայաստանի նախագահությամբ Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։
«Օրերս Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Ամուլսարի հանքավայրի բացման մասին։ Շուրջ 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ դատապարտում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը, քանզի տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և աստարկված լուծում չի տրվել, կոպտորեն խախտվում են միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։
Հիշեցնեմ՝ Ամուլսարը բացում է այն քաղաքական ուժը, որը իշխանության եկավ ՀԿ սեկտորի լայնածավալ և կազմակերպված աջակցությամբ», - գրել է պատգամավորը՝ կիսվելով Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքում հրապարակված հայտարարությամբ։
Հայտարարության ներքո ստոորագրած մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բնական միջավայրի վիճակով մտահոգ քաղաքացիները դատապարտում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ տարիներ շարունակ բարձրաձայնված էական բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված հակադարձում չլինելու պայմաններում։
«2026 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից՝ COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ, Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի հանքավայրի բացման մասին պաշտոնական հայտարարությունը և հանդիսավոր արարողությունը խիստ հանդուգն և անպատասխանատու քայլ է։ Արարողությունը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեկցվեց ամբողջ արդյունաբերական ցիկլի արդյունք հանդիսացող ոսկու ձուլակտորի ցուցադրմամբ։ Այս ցուցադրությունն ուղղակիորեն հարվածեց COP17-ի ողջ գործընթացին և Հայաստանի վարկանիշին՝ որպես COP17-ը նախագահող երկրի։ Որպես COP17 նախագահող երկիր՝ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ երկրի ներսում տրվում է էկոլոգիական աղետի մեկնարկը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները և հարցականի տակ դնելով կառավարության բնապահպանական նպատակների ու հայտարարությունների անկեղծությունը։
Տարիներ շարունակ կրկնում ենք և փորձում ՀՀ կառավարության ու տարբեր ֆինանսավորող դերակատարների ուշադրությանը հասցնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին առնչվող հիմնական իրավական և էկոլոգիական ռիսկերը։
Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը՝
Միջազգային պարտավորությունների տապալում. Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական (Բեռնի) կոնվենցիայի Մշտական կոմիտեն և Բյուրոն բազմաթիվ որոշումներով Հայաստանի կառավարությունից պահանջել են դադարեցնել բոլոր աշխատանքներն Ամուլսարում և հանքավայրի շահագործման համար իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ), վերանայել ու հաստատել «Էմերալդ» էկոլոգիական ցանցի` hատուկ պահպանության արժեք ունեցող տարածքների ցանկը և հաստատել« Ջերմուկ» ազգային պարկը՝ որպես կենսաբազմազանության պահպանության տարածքներ։ Կոմիտեի դիրքորոշման մեջ հստակ նշվում է, որ դա հնարավոր է իրականացնել, քանի դեռ հանքը չի շահագործվում։ Բեռնի կոնվենցիայի քարտուղարության հետ հաղորդակցության մեջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ տեղի են ունենում բարելավման աշխատանքներ և ընդգծել, որ ELARD և TRC կազմակերպությունների փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան պետական հաստատություններին մասնագիտական գնահատական տրամադրելու համար։ Հանքի շահագործման մեկնարկը տապալում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ կառավարության հետ ցանկացած երկխոսություն և հարվածում մեր երկրի միջազգային վարկանիշին։
Պաշտոնապես արձանագրված խախտումների անտեսում. ՀՀ կառավարությունը միտումնավոր անտեսում է իր իսկ նախաձեռնությամբ մշակված կարևորագույն պաշտոնական փաստաթուղթը՝ ELARD և TRC կազմակերպությունների 2019 թվականի հաշվետվությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ, որը համակարգված կերպով բացահայտել է տասնյակ խոշոր բացթողումներ, սխալ հաշվարկներ և անճշտություններ Ամուլսարի ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսների սխալ մոդելավորմանը, թթվային դրենաժի սխալ հաշվարկներին, սեյսմիկ ռիսկերի անտեսմանը, կենսաբազմազանության գնահատումներին և այլ կենսական նշանակության խնդիրներին։ Ավելին, այս ուսումնասիրությունը և դրան առնչվող քրեական գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը հեռացվել են պաշտոնական կայքերից։
Անդառնալի էկոլոգիական աղետ. Հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Ամուլսարում ոսկու կորզման համար օգտագործվող ցիանային եղանակը ամենավտանգավոր քիմիական գործընթացներից մեկն է, իսկ վթարի կամ որևէ այլ պատճառով արտահոսքի դեպքում վտանգվելու է Արփա գետի էկոլոգիան։ Նրանք նաև համոզիչ կերպով հիմնավորել են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում առաջանալու է ապարների թթվային դրենաժի չափազանց բարձր և երկարաժամկետ ռիսկ՝ սպառնալով Արփա ու Որոտան գետերին, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևանա լճի ողջ էկոհամակարգին, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերին և տարածաշրջանի այլ ստորերկրյա ջրերին։
Ջերմուկ առողջարանային քաղաքի վտանգում. Ջերմուկը կայուն զարգացող առողջարանային կենտրոնից վերածվելու է հանքարդյունաբերական ժամանակավոր բանավանի։ Քաղաքի էկոլոգիան արդեն իսկ վատթարանում է հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող շինարարական ու պայթեցման աշխատանքների պատճառով։ Հանքի պաշարների սպառումից հետո, կարճաժամկետ շահույթների դադարեցմամբ, մեզ սպառնում է հերթական լքված ու դատարկված բնակավայրն (ինչպես Դաստակերտն ու Սոթքը) ունենալու ճակատագիրը։
Հայաստանի կառավարությունը գնալով կորցնում է կապը հանրության և հանրային շահի գիտակցման հետ։ Դեռևս 2019 թվականից, երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ փորձ արեց համոզել՝ ընդունելու Ամուլսարում հանքի բացումը, հանրության արձագանքը հստակ էր։ Հետագայում ևս քաղաքացիական հասարակությունը բազմիցս արտահայտել է իր բողոքը, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ ՀՀ կառավարությանը «նվեր» տալու փաստի առթիվ։
Ամուլսարի հարցում կառավարության գործողությունները՝ հանրային կարծիքի և մարդու իրավունքների բացահայտ անտեսումը, անհաշվետու վարքագիծը վկայում են, որ հանրային իշխանությունները որդեգրել են նախորդներին բնորոշ այնպիսի վարքագիծ, որը հանգեցրեց իշխանության ապալեգիտիմացմանը և սկիզբ դրեց հանրային բողոքի լայն ալիքին։
Հայաստանի բնությունը, ջրային պաշարները և համայնքների ապագան չեն կարող վտանգվել առանց հանրային հաշվետվողականության և անվտանգության պատշաճ հիմնավորման։
Մենք անընդունելի ենք համարում հանրային նշանակության այս ռիսկերի անտեսումը։ COP17-ի և այլ միջազգային հարթակների շրջանակում այս հայտարարությունը և այն հիմնավորող փաստաթղթերը կներկայացնենք համապատասխան միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ պահանջելով իրենց լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել հնարավոր ծանր և անդառնալի բնապահպանական վնասը կանխելու համար։
Մենք պահանջում ենք․ անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը և դրան ուղղված աշխատանքները՝ պահպանելով տարածքի անվտանգության ու աղտոտման կանխարգելման անհրաժեշտ միջոցառումները, և վերանայել շահագործումը թույլատրած որոշումները; ապահովել Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականների պատշաճ կատարումը․ այն է՝ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև ՇՄԱԳ նոր գործընթացի ավարտը; հիմնավորել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների ցանկը և զեկուցել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման առաջընթացի մասին` իր սկզբնապես հաստատված տարածքում, որը ներառում է Ամուլսարը։ Սահմանների ցանկացած փոփոխություն կարող է հիմնավորվել միայն գիտական, այլ ոչ՝ տնտեսական կամ քաղաքական փաստարկներով և միջազգային թույլատրելի ընթացակարգերին համապատասխան; հրապարակել ELARD և TRC և պետական մարմինների արձանագրած յուրաքանչյուր էական խնդրի վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքում նախագծային փաստաթղթերում կամ հաշվետվություններում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրաբար, ՀՀ կառավարության կարծիքով, «վերացրել են» ռիսկերը; սահմանված ընթացակարգերով վերանայել Ամուլսարի շահագործման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից 150 միլիոն դոլարի չափով Ամերիաբանկին տրամադրված բյուջետային երաշխիքը և դադարեցնել պետության մասնակցությունն այդ աղետալի ծրագրում; վերանայել Հայաստանի հանքարդյունաբերական քաղաքականությունը՝ հետագա որոշումների հիմք դարձնելով հանրության պատշաճ մասնակցությունը և որակյալ ՇՄԱԳ գործընթացը, ջրային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանումը և համայնքների երկարաժամկետ բարեկեցությունը», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին տրվել է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը: Փաշինյանը, գործարկելով այն, հայտարարել է, որ "Ամուլսար" ոսկու հանքը տարեկան կարտադրի մոտ 210 000 ունցիա ոսկի։ Նշվում է, որ հանքի շահագործման արդյունքում "Լիդիան Արմենիայի" կողմից պետական բյուջե վճարվող տարեկան հարկերն ու մասհանումները կկազմեն մոտ 130 մլն դոլար, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա՝ 1,5-2 տոկոսի չափով:
Ակնկալվում է, որ "Ամուլսար" ծրագիրը կապահովի ավելի քան 4000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ: Կառավարության, "Լիդիան Արմենիա" ընկերության և Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների միջև ստորագրված համայնքների զարգացման շուրջ համաձայնագրով նախատեսվում է տարեկան 7-9 մլն դոլար հատկացնել համայնքների սոցիալ - տնտեսական զարգացման ծրագրերին՝ հանքի շահագործման ողջ ընթացքում:
Նախագիծն իրականացվում է "Լիդիան Արմենիա" ընկերության և ՀՀ կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում: Ընկերությունն, ընդհանուր առմամբ, շուրջ 750 մլն դոլարի ներդրում է կատարել նախագծում, որից 150 մլն դոլարն ապահովված է ՀՀ կառավարության կողմից տրված պետական երաշխիքով:
Բնապահպանները քննադատել են Հայաստանի իշխանությունների այդս որոշումը, ընդգծելով, որ հանքի գործունեությունն անուղղելի վնաս կհասցնի Ջերմուկ առողջարանին և Սևանա լճին: