


Արմինֆո. Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ստեղծված դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը՝ Երեւանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը:
"Շվեյցարիան ողջունում է այն դրական դինամիկան, որը ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում, որով ապահովվել է փաստացի խաղաղությունը գետնի վրա։ Սա արձանագրված հաջողություն է, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար։ Իսկապես, դեռ մնում են չլուծված հարցեր, այդ թվում՝ նաև հումանիտար բնույթի, և մենք այսօր դրանց ևս անդրադարձել ենք", - ասել է Կասիսը։
Պաշտոնյան հավելել է, որ Շվեյցարիան խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: "Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե Երևանն ու Բաքուն դա ցանկանան՝ հաշվի առնելով երկխոսության և խաղաղության հաստատման մեր փորձը", - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:


