


ԱրմԻնֆո. Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ լրատվամիջոցների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի, իբր, անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների հրապարակումները։
"Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ լրատվամիջոցներ, պարզապես, հին ձայնապնակ են պտտեցնում, ընդ որում, այնպիսի ձայնագրություն, որը հնչում է ճռռոցով։ Ասեղը դուրս է գալիս, նվագարկիչը խցանված է ցեխով ու փոշով, բայց նրանք փորձում են այնպես անել, որ այդ կրճտացող ձայնը լսվի։ Խոսքը հայկական ԱԷԿ-ի հետագա շահագործման, իբր, վտանգավորությանը նվիրված նյութերի մասին է։ Սակայն այդ նյութերը գնահատելիս ամենակարեւորը տեսնելն է, որ այդ նյութերում բացակայում է որեւէ փաստական բաղադրիչ", - նկատել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնական գործընկերը "Ռոսատոմ" պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատու կերպով է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, առանձին, այսպես կոչված, լրագրողների դժգոհությունները, տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում:
Զախարովան կարծում է, որ կան նաեւ հարցեր նման հրապարակումների քաղաքական դրդապատճառների վերաբերյալ, որոնք հայտնվել են Երեւանում COP-17 կլիմայական խորհրդաժողովի անցկացման ֆոնին: "Հնարավոր է, որ դրանք պայմանավորված են ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին ինչ-որ կերպ վնասելու ոմանց ցանկությամբ", - հավելել է նա:
Այնուհետև նա ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովմանը, այդ թվում ՝ դրա կենսագործունեության երկարաձգմանն ուղղված գործողությունների ժամանակագրությունը, որոնք իրականացվում են ԱԷՄԳ չափորոշիչներով:


