


ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Փոխվարչապետը ընդգծել է, որ վիզաների ազատականացումը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար:
Կողմերը նշել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում գրանցված առաջընթացը:
Զրուցակիցները քննարկել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործումը, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կանխարգելումը, ինչպես նաև վերադարձի և վերընդունման ընթացակարգերի կատարելագործումը և սահմանային ինտեգրված կառավարման ոլորտում կատարվող աշխատանքները:


