
Արմինֆո.ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ղեկավար Կիրո Մանոյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպման նախաշեմին հերթական սադրանք է որակել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած էսկալացիան: Նրա կարծիքով, հայկական կողմը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի` Բաքվին սթափեցնելու համար:
Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից պահանջել հանդես գալ նման միջադեպերի վերաբերյալ հստակ, հասցեական հայտարարություններով: «Անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի միջնորդներն իրերն իրեց անուններով կոչեն, այլ ոչ թե հանդես գան անարդար ու միակողմանի հայտարարություններով, ինչպես եղել է նախորդ ադրբեջանական դիվերսիայի դեպքում», - հայտարարել է նա:
«Հատկապես հիմա, երբ Բաքուն բանակցություններ է վարում ԵՄ հետ հարաբերությունների վերականգնման շուրջ, նրա նկատմամբ հարկավոր է ավելի պահանջկոտ լինել», - նշել է դաշնակցականը: Մանոյանը նաև հավելել է, որ ոչ մի տեղաշարժ չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, նրա կարծիքով, հնարավոր է պարբերաբար իրավիճակի սրում Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում:
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Երեկ
ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե միջնորդները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում` Մյունխենում անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի շրջանակում: Նալբանդյանն ու Մամեդյարովն արդեն հայտարարել են հանդիպմանը համաձայնության մասին: