
Արմինֆո. "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանում կնշվի հայ կինոյի մեծ վարպետների՝ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Հենրիկ Մալյանի և կինոռեժիսոր, սցենարիստ և գրող Աղասի Այվազյանի 100-ամյա հոբելյանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է "Ոսկե ծիրան"-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Նա նշել է, որ հոբելյանին նախապատրաստվելու շրջանակներում նախաձեռնողները փնտրում էին կինոյի այդ մեծ վարպետների խորհրդանշական շփման կետը: Եվ ակնհայտ է, որ այդ կետը դարձավ "Եռանկյունի" ֆիլմը (1967թ.), որտեղ Մալյանը հանդես է եկել որպես ռեժիսոր, իսկ Այվազյանը՝ սցենարիստ ։
Հիշեցնելով, որ դրամայի նկարահանումների հիմնական մասն իրականացվել է Երևանից դուրս (Գյումրիում - խմբ.), կինոփառատոնի ղեկավարը նշել է, որ, այնուամենայնիվ, մեկ վայր օգտագործվել է նաև մայրաքաղաքում՝ մեկ դրվագ նկարահանելու համար. դա Կարմիր կամուրջն է: Հենց այնտեղ տեղի կունենա հայկական կինոյի երկու սյուների 100-ամյակին նվիրված հատուկ երեկո, որտեղ հյուրերին կներկայացվի "Եռանկյունի" ֆիլմից ոգեշնչված երաժշտական պերֆորմանս:
Ավետիսյանը տեղեկացրել է, որ կամուրջը վերանորոգվել է (2023-2025թթ.) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ համատեղ նախաձեռնության շրջանակում: Նշենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը: Կինոցուցադրությունների համար հարթակներ կդառնան "Մոսկվա" կինոթատրոնը և Կինոյի տունը: Որպես պատվավոր հյուրեր հրավիրվել են իրանցի ռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ Ամիր Նադերին, մավրիտանացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի, Cesar (Ֆրանսիայի Ազգային կինոմրցանակ) մրցանակի դափնեկիր Աբդերահման Սիսակոն, փառատոնային գործիչ, համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ դեմքերից Մարկո Մյուլլերը, հոլիվուդյան հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը և այլոք: Կինոփառատոնը Կինոյի տանը կբացվի հուլիսի 13-ին՝ իրանցի լեգենդար ռեժիսոր Ջաֆար Փանահիի "Պարզ պատահականություն" նոր ֆիլմով, որն արժանացել է "Ոսկե արմավենու ճյուղին" Կաննի 78-րդ կինոփառատոնում:
Փակումը կնշանավորվի "Ոսկե ծիրանի" համահիմնադիր, հայ ականավոր ռեժիսոր Հարություն Խաչատրյանի "Վերջին կայան" (1994թ.) ֆիլմի ցուցադրությամբ: