
Արմինֆո. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի "Սրբազան պայքար" շարժման ներկայացուցիչների պաշտպանության կողմը "իշխանության զավթման նախապատրաստության մասին" գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները կփոխանցի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ մասին հաղորդել է Հովհաննես Խուդոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
"Նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի պայմաններում քննչական կոմիտեի կողմից միակողմանի ու թերի տեղեկությունների տարածումը` այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին։ Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած նյութերի հետ համեմատելով/։
Առաջին անգամ չէինք բացառել փոքր հավանականությունը, որ դա կարող է լինել շտապելու կամ թերի տեղեկացված լինելու արդյունք: Բայց երբ քննչական կոմիտեն, ստանալով թերությունների մասին առարկությունները, հաջորդիվ առանց փոփոխությունների սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց ոչ երբեք իրավական նյութի մատուցումն է:
Ուստի, հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու ենք նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին", - գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին սկսել "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց տներում: ՔԿ-ում հայտարարել են, որ շարժման մասնակիցներն ու առաջնորդները, իբր, ծրագրել են ահաբեկչություններ և իշխանության զավթում Հայաստանում: "Իշխանությունը զավթելու" փորձի մեղադրանքով երկու ամսով կալանավորվել է 16 մարդ, այդ թվում ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: