


Արմինֆո. "Սրբազան պայքար" բողոքի շարժման աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանը և Հովնաթան Դեմիրճյանը, ովքեր առավոտյան բերման էին ենթարկվել պաստառներ փաակցնելու համար, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Գերատեսչությունում նշել են, որ վերը նշված անձինք բերման էին ենթարկվել առավոտյան ժամը 8:55-ին՝ Մոնթե Մելքոնյան փողոցում: "Նրանք բերման էին ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո նրանք ազատ են արձակվել", - հաղորդել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ "Սրբազան պայքար" բողոքի շարժման մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ շարժման կողմնակիցները բերման են ենթարկվել խաղաղ ակցիա անցկացնելու համար, որի շրջանակում նրանք բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով պաստառ էին կախել ճանապարհի վրա:



