


Արմինֆո. Սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին: ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում։ Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ կառավարության հատուկ նիստում, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին: "Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրա ստորագրման փոխարեն, ցույց է տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը", - նշել է նա: Բայրամովը նաև պարծեցել է, որ Բաքվի ջանքերի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խումբը հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ: "Հայաստանը, մասնավորապես, չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում են դատարաններից հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն։ ԱՄՆ այցի շրջանակում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը խաղաղության հաստատման ոլորտում ", - նշել է ԱԳ նախարարը:



