
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ազգայնացման մասին իշխանությունների խոսակցություններն, ընդամենը, քաղաքական նարատիվ է, որով կերակրում են ընտրազանգվածին։ Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Մեզ մոտ ազգայնացում, պետականացում գոյություն չունի։ Ինչ ազգայնացման մասին կարող է խոսք լինել, եթե նախարարներից մեկը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանին փոխհատուցում է տրամադրվելու, այսինքն, նրան պարտավոր են վճարել շուկայական արժեքը՝ գումարած 15 տոկոսը։ Դա նշանակում է, որ կառավարությունը, ունենալով գնման նախապատվության իրավունք, պարզապես, գնում է սեփականատիրոջից», - ասել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ազգայնացման մասին օրենք չկա և չի կարող լինել, քանի որ դա շատ ռիսկային է: Իսկ այն երկրներում, որտեղ այն կա, ներդրումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում։
Եվ, ինչպես պարզաբանում է նա, ստացվում է, որ մի քանի հարյուր միլիոն դոլար հարկատուներն իրենց գրպանից պետք է վճարեն սեփականատիրոջը։ Հենց այդքանով կավելանա պարտքի բեռը, քանի որ, ամենայն հավանականությամբ, վարկը կվերցվի պետական երաշխիքով։ Բացի այդ, հարկ կլինի սեփականատիրոջը վճարել մի քանի տասնյակ միլիարդ դրամի շահաբաժիններ։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ ՝ "Էլցանցերի" նկատմամբ վարչական վարույթի և կանխարգելիչ միջոցառումների կիրառման շրջանակներում:
Պետրոսյանի նշանակումը տեղի է ունեցել "Տաշիր" ընկերությունների խմբին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցերի" հնարավոր պետականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին: Հուլիսի 21-ին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության վաճառքի գծով տնօրեն և ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հուլիսի 22-ին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը (կալանավորվել է Հայ Առաքելական Եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո) եւ նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վեճը:
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, «յուրովի» մեկնաբանելով Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, հայտարարել է, որ "անհետաձգելի գործում քննարկվող հարցերի (վեճի) ծավալը տարբերվում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշման նպատակներից եւ այն գործողությունների ծավալից, որոնք պետք է ձեռնարկի վերջինս": "Հարգելով օտարերկրյա արբիտրաժային որոշումներով կիրառվող միջանկյալ միջոցները, միաժամանակ բոլորը պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կանոններն ու ընթացակարգերը սահմանող միջազգային պայմանագրերով", - ասվում է Հայաստանի կառավարության հայտարարության մեջ:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ արբիտրաժի վճիռը Հայաստանում իրավական ուժ կստանա միայն դատարանի համապատասխան որոշումից հետո եւ հուլիսի 24-ից սկսել է կադրային փոփոխություններ կատարել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության ղեկավար կազմում: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, իր հերթին, նշել է, որ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, որը կայացվել է հօգուտ Սամվել Կարապետյանի Հայաստանի դեմ արբիտրաժում, ենթակա չէ պարտադիր կատարման, եթե այն հակասում է հասարակական կարգին: Նա նաև վստահեցրել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման դեպքում Սամվել Կարապետյանը փոխհատուցում կստանա: