
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հոգևոր, մշակութային, գաղափարական, ճանաչողական, տեղեկատվական և հոգեբանական պատերազմը հայ ժողովրդի և Հայաստանի դեմ, կարծում է քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Փորձագետը արձանագրել է, որ այդ մասին ևս մեկ անգամ վկայում է օրենքի նախագիծը, որը նպատակ ունի "իրական Հայաստանի" գաղափարախոսությանը պետական կարգավիճակ հաղորդել:
"Վերը թվարկված պատերազմների տեսակները կարելի է ընդլայնել և գլխավորը գիտակցել ու ընդունել․ սա պատերազմ է։ Փաշինյանը պատերազմ է վարում Հայ ժողովրդի դեմ իշխանությունը պահելու նպատակով՝ հենվելով թշնամական ուժային կենտրոնների աջակցության վրա։
Այս պատերազմի նախորդ արշավները թարմ են հիշողության մեջ ։ Կարելի է հիշել Արցախյան արշավը, երբ Փաշինյանը միանձնյա, չունենալով գոնե խորհրդարանի մանդատ, հրաժարվեց Արցախից և հայ ժողովրդի արցախյան ժառանգությունից՝ ձգտելով Մեծ եղեռնը վերապրած արցախահայությանը վերածել հայ հասարակության թշնամիների", - նշել է նա։
Նրա խոսքով՝ այնուհետև Արևմտյան Հայաստանից և Պատմական Հայաստանից հրաժարվելու արշավն ու դրան հաջորդած հարձակումը Արարատի վրա, որը հասարակության շրջանում կոշտ արձագանք առաջացրեց: Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, թույլ չտալով հայ հասարակությանն ուշքի գալ, հաջորդեց նոր հարված և ագրեսիա՝ արդեն Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ որպես կրոնական ինստիտուտի և հայկական ինքնության անկյունաքարի: Եվ կրկին հայ ժողովրդի կոշտ արձագանքը ստիպեց վարչապետին ժամանակավորապես նահանջել, լռել։
"Եվ ահա նոր արշավ և հարձակում Արարատի վրա, և "իրական Հայաստանի" փոխնակ գաղափարախոսությանը օրենքով պաշտպանված պետական կարգավիճակ տալու մտադրությունը": Օրենք, որը օրենսդրական դաշտում կամրագրի հայ հասարակության հանդեպ պահանջ՝ հրաժարվել սեփական պատմությունից, Արարատից, Մեծ Եղեռնից ՝ հրաժարվել Պատմական Հայաստանից և հավաքական հիշողությունից, վերածվել մանկուրտների", - շարունակել է Արզումանյանը։
Ընդ որում, նա փաստել է, որ կարելի է խոսել տոտալիտար և ավտորիտար ռեժիմների ավանդական վարքագծի մասին, որոնք պետական գաղափարախոսությանը տալիս են օրենքի կարգավիճակ․ բոլշևիզմ, նացիզմ, մաոիզմ, չուչխե և այլն։
"Ավտորիտար առաջնորդը և նրա շրջապատը (բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը) ձգտում են իրենց ձեռքում կենտրոնացնել իշխանության ամբողջությունը, ամրագրելով այն իրավական և գաղափարական դաշտում, և Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նման վարք է դրսևորել։ Ոչ մի ցանկություն չկա հիշելու, թե քանի անգամ է նա հայտարարել, որ ինքն է կառավարությունն ու իշխանությունը Հայաստանում, քանի անգամ է գործել սահմանադրական դաշտից դուրս ՝ միանձնյա, չտեղեկացնելով գոնե խորհրդարանին, գործադիրին ու դատական ճյուղին։
Այսպիսով՝ "իրական Հայաստանին "պետական գաղափարախոսության կարգավիճակ հաղորդելն օրենսդրական դաշտում իրավական հիմքեր կստեղծի հայ հասարակության այն անդամների հետապնդման համար, որոնք մտադիր չեն հրաժարվել Արարատից, Հայ Առաքելական Եկեղեցուց, Պատմական Հայաստանից եւ Մեծ Եղեռնի հիշողությունից եւ այլն", - վստահ է Արզումանյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրեցլ այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը դիմում է իրավական դաշտում պատերազմի (lawfare) ՝ ընդլայնելով հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմի ձևերի ցանկը։ Նա կարծում է, որ "լեգիտիմության" մասին վարչապետի դատողություններն այդ առումով իրենց բացատրությունն են ստանում, ընդ որում, Փաշինյանն ու իր իշխանական թիմը, կարծես թե, իսկապես չեն հասկանում "լեգիտիմություն" և "օրինականություն" տերմինների տարբերությունը։
"Հայաստանի վարչապետը որպես համազգային առաջնորդ խոսելու լեգիտիմ իրավունք չունի ։ Նա կարող է խոսել իրեն սատարող Հայաստանի Հանրապետության բնակչության ակնհայտ փոքրամասնության անունից, բայց ոչ՝ հայ ժողովրդի, որի մեծամասնությունը բնակվում է հայկական պետության սահմաններից դուրս:
Ստեղծված իրավիճակում մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի, որի մասին վերջերս գրել էի․ կողմ եք Փաշինյանին և "իրական Հայաստանին", թե՞ կողմ եք Արարատին, ՀԱԵ - ին, Պատմական Հայաստանին ՝ պատմական հիշողության և Մեծ Եղեռնի մասին հիշողության իրավունքին։ Պետք է պատասխանել՝ յուրաքանչյուրը եւ բոլորը միասին, եւ սկզբի համար կարելի է մտնել եւ քվեարկել օրենսդրական նախաձեռնության օգտին", - ամփոփել է Արզումանյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ