


Արմինֆո.Գերմանիան եւ Հայաստանը կարևոր ներդրում ունեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու գործում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը՝ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցի ժամանակ։
«Գերմանիան պատմական պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար: Այս քաղաքակրթական խզումը հիշատակելը ու ապագային միտված հիշողության մշակույթի ձևավորումը շարունակում են մնալ բոլոր սերունդների հանձնառությունը: Հայաստանն ու Գերմանիան կարևոր ներդրում ունեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում՝ աջակցելով թանգարանային նոր ուղեցույցի և աուդիոգիդերի գերմաներեն տարբերակների ստեղծմանը», - Բուշի խոսքը մեջբերում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը։
Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականի հունիսի 2-ին: Այդ մասին բանաձևում ոչ միայն ճանաչվում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այլև այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը:



