


Արմինֆո. Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան Արսեն Բաբայանը:
"Արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվել է երկու ամսով, այցելությունները նույնպես սահմանափակվել են։ Միակ լավ նորությունն այն է, որ քրոջ երեխաների այցելության մասին պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել է", - հայտարարել է Բաբայանը։
Փաստաբանը նշել է, որ իրենք մտադիր են բողոքարկել որոշումը՝ դրա հրապարակումից հետո։ Բաբայանը նաև արձանագրել է, որ այս կերպ շարունակվում են ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել էր երկու ամիս ժամկետով: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով։ Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով ՝ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականին, իբր, վարկաբեկելու նպատակով, իր ծառայողին հրահանգել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ թմրանյութ դնել: Փաստաբանն անհեթեթ է համարել այդ մեղադրանքը, ընդգծելով, որ քննությունը, Արշակ արքեպիսկոպոսին նման մեղադրանք ներկայացնելով, փորձում է վարկաբեկել նրան հանրության աչքում:



