


Արմինֆո.Երևանը հույս ունի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե այդ ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով չլուծվելն ինչպես կազդի Հայաստանում կայունության վրա։
«Ինչպես գիտեք, Հայաստանը փոքր և համեստ պետություն է, և մենք ի վիճակի չենք դատել ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին: Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որ հնարավորություն լինի դիվանագիտական ճանապարհով ելք գտնել այս իրավիճակից։
Իհարկե, այս ծայրահեղ անկայուն և փոփոխական իրավիճակում մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր մեծ տագնապ է հարուցում, և մենք հույս ունենք, որ ավելի լայն տարածաշրջանում կլինի կայուն իրավիճակ։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող էական ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա, ուստի այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ, եթե դրական ազդեցություն ունենալու հնարավորություններ լինեն, մենք կցանկանայինք դա անել, բայց, ինչպես ասացի, մենք փոքր պետություն ենք և կարող ենք միայն խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին", - ասել է Նիկոլ Փաշինյանը։



