


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախեցնել ՀՀ քաղաքացիներին, որ, եթե նրանք չհամաձայնեն այն ամենին, ինչ ինքն առաջարկում է, ապա այդ դեպքում անխուսափելի է պատերազմը, զոհերը: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը "Լենտա.ռու" - ի հետ զրույցում:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթի ընդդիմությունը, ապա պատերազմն անխուսափելի կլինի, քանի որ նրանք ռևիզիայի կենթարկեն իր բերած խաղաղությունը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ խաղաղության վերանայման կոչերը գրվում են օտար ուժերի կողմից, իսկ ներքին ընդդիմությունը դրանք միայն կարդում է:
"Նա ահաբեկել է հայերին և բնակչության այն հատվածին, որը ոչ մի ցնցում չի ուզում։ Փաշինյանի այդ գիծն այսօր էլ այդպես ցայտուն կերպով դրսևորվում է, որովհետև նա հանձնել է Հայաստանի ազգային շահերը և շարունակում է հանձնել դրանք։ Իշխանության ղեկին մնալու այլ տարբերակ, քան Ադրբեջանի հետ պատերազմով, Թուրքիայի հետ բարդություններով բնակչությանը համատարած վախեցնելու միջոցով, նա չունի", - ասել է ռուս խորհրդարանականը։
Զատուլինի խոսքով՝ հենց այս ռազմավարությունն է օգտագործում Փաշինյանը՝ հունիսի 7-ի ընտրություններում իշխանության ղեկին մնալու համար։ Նա նաև հիշեցրել է, որ պատերազմ հազիվ թե տեղի ունենա, քանի որ Հայաստանը, ՀԱՊԿ պայմանագրին համապատասխան, պաշտպանություն ունի, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից: "Հենց դա էլ փորձում է թաքցնել Փաշինյանը, ով ինքն է դավաճանել միությանը եւ գնում է այն հարեւանների հետ համաձայնության ճանապարհով, որոնք չեն թաքցնում իրենց զավթողական եւ ռազմատենչ մտադրությունները", - ամփոփել է ռուս պատգամավորը:



